ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանն անկախ, անկուսակցական, ոչ կրոնական և տարածաշրջանային կենտրոնացմամբ հետազոտական ​​հիմնադրամ է, որտեղ հետազոտությունն ապրում է, կապեր է հաստատում և խթանում է սոցիալական փոփոխություններ: Հիմնադրվելով 2003 թվականին՝ որպես ՀՌԿԿ տարածաշրջանային ցանցի մաս, Հիմնադրամը դարձել է Հայաստանի ամենավստահելի և ճանաչված ձայներից մեկը հասարակագիտական ​​հետազոտությունների ոլորտում։

Հիմնադրամի առանցքային մանդատն ազգային և տարածաշրջանային մակարդակներում սոցիալ-տնտեսական և քաղաքական մարտահրավերներին արձագանքելն է՝ բարձրորակ տվյալների հավաքագրման, մանրակրկիտ վերլուծության և հետազոտական ​​կարողությունների շարունակական բարելավման միջոցով: Մենք համատեղում ենք ակադեմիական գերազանցության սկզբունքները կիրառական ազդեցության հետ՝ ստեղծելով բաց և հասանելի տվյալներ, քաղաքականությունների համար օգտակար վերլուծություններ և բարձրակարգ գիտահանրամատչելի արդյունքներ։

Որպես հետազոտությունների ​​և ռեսուրսների կենտրոն՝ Հիմնադրամը գիտնականներին, քաղաքականություն մշակողներին և հանրությանը տրամադրում է տվյալադարանների, հետազոտական ​​զեկույցների և քաղաքականության համառոտագրերի անվճար և բաց հասանելիություն: Հիմնադրամի էկոհամակարգը ընդլայնվում է նաև տվյալներից անդին. այն ներառում է մեթոդաբանական և տեխնիկական կարողությունների զարգացում, համայնքների կառուցում, գաղափարների գեներացում և մասնագիտացված հարուստ գրադարան՝ հասարակագիտական ​​և հումանիտար գիտությունների ավելի քան 2000 հրապարակումներով։

Հիմնադրամն իր ամենօրյա գործունեությամբ միտված է խթանել թափանցիկ, էթիկական և նորարարական հետազոտությունների մշակույթը՝ առաջ մղելով գիտելիքահեն կառավարումը և ամրապնդելով հասարակական ​​գիտությունների դերը ժողովրդավարական բարեփոխումների գործում՝ թե՛ Հայաստանում և թե՛ Կովկասյան տարածաշրջանում։

Մեր առաքելությունը երկու բաղադրիչ ունի․

  1. Սոցիալական հետազոտությունների բնագավառում հասնել գերազանցության՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված հետազոտական ​​չափորոշիչների և առաջադեմ մեթոդաբանությունների վրա, խթանելով գիտելիքահեն ժողովրդավարական կառավարումը և տվյալահեն քաղաքականությունները Հայաստանում, Կովկասում և անդին։
  2. Ծառայել որպես նորարարական հետազոտական ​​ռեսուրսների կենտրոն, որի առանցքում կարողությունների զարգացումն ու տվյալների գրագիտությունն է․ մենք ցանկանում ենք ստանալ կենսունակ միջավայր, որտեղ հետազոտողները, մասնագետները և հետաքրքրասերները կարող են փոխանակվել գիտելիքներով, փորձարկել, համաստեղծել և զարգանալ միասին։

Մեր տեսլականն է ունենալ Հայաստան, որտեղ որոշումները կայացվում են տվյալների հիման վրա, հաստատությունները սոցիալական վստահություն են վայելում, իսկ քաղաքացիական մասնակցությունը կառուցված է համերաշխության և գիտելիքների փոխանակման շուրջ։ Մենք պատկերացնում ենք մի հասարակություն, որտեղ հետազոտություններն ու տվյալները հանրային կյանքի անբաժանելի մասն են և օգնում են ձևավորել առավել արդար քաղաքականություն, ավելի ուժեղ հաստատություններ և ավելի բաց, ժողովրդավարական մշակույթ։

0 +
0 +
0 +
0 +

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր գործունեության հիմնական նպատակը Հայաստանի քաղաքական, հասարակական և գիտական ոլորտների համար ապահովել որակյալ, փաստահեն և անկողմնակալ հետազոտական տվյալների մատչելիություն՝ խթանելով արդյունավետ և պատասխանատու որոշումների կայացումը։

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարեկան հաշվետվություն 2024

Տարեկան հաշվետվություն 2023

Տարեկան հաշվետվություն 2022

Տարեկան հաշվետվություն 2021

Տարեկան հաշվետվություն 2020

Տարեկան հաշվետվություն 2019

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ-ներ) միասին կազմում են հետազոտական, ռեսուրսների և կրթական կենտրոնների տարածաշրջանային ցանց, որը հիմնադրվել է 2003 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում: Ցանցը ստեղծվել է Հարավային Կովկասում հասարակագիտական հետազոտությունների և հանրային քաղաքականության վերլուծության ամրապնդման առաքելությամբ: ՀՌԿԿ-ները հիմնադրվել են Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ: 2013 թվականին ՀՌԿԿ-Հայաստանը գրանցվել է որպես անկախ, ոչ առևտրային կազմակերպություն (Հիմնադրամ)՝ պահպանելով նույն լայն նպատակները, ուշադրության առանցքները և տարածաշրջանային համագործակցության նկատմամբ հանձնառությունը։
Կուտակելով ավելի քան 23 տարվա փորձ՝ հիմնադրամը հետազոտողներին, կառավարություններին, դոնորներին, ՀԿ-ներին, մասնավոր հատվածի գործիչներին և լայն հանրությանը տրամադրում է հուսալի տվյալներ և Հայաստանն ու Կովկասյան տարածաշրջանը ձևավորող կարևոր միտումների մանրակրկիտ վերլուծություն: Մեր աշխատանքը ներառում է հետազոտություններ, համայնքների կառուցում, կարողությունների զարգացում և գաղափարների գեներացում, որոնք հիմնված են փորձարկված մեթոդաբանությունների և սոցիալապես արդիական մոտեցումների վրա։Ավելի քան երկու տասնամյակի գործունեության ընթացքում ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն իրականացրել է 150+ հետազոտական և կարողությունների զարգացման նախագծեր՝ ստեղծելով ավելի քան 500 ԳԲ տվյալներ և զգալիորեն նպաստելով Հայաստանում տվյալահեն քաղաքականության մշակույթին։ Հիմնադրամը ներգրավել է ավելի քան 300 կրթաթոշակառուների, գիտնականների, փորձնակների և կամավորների՝ նրանց համար ապահովելով հմտությունների զարգացման, ցանցային կապերի հաստատման և գիտելիքների փոխանակման հնարավորություններ։ Մեր ազդեցությունը տարածվում է թեմատիկ լայն շրջանակի վրա, ներառյալ կրթությունը, առողջությունը և ապահով կյանքը, գենդերը և սեռականությունը, կառավարումը և հանրային քաղաքականությունը, տնտեսությունն ու միգրացիան, խաղաղությունը և կոնֆլիկտները, երիտասարդությունը, մշակույթը և ինքնությունը, միջավայրը և տարածությունը, տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանությունը և բարեկեցությունը, զարգացումը, մեդիան և հաղորդակցությունը։
2025 թվականի դրությամբ հիմնադրամը Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների և հետազոտական կարողությունների զարգացման անկյունաքարային կառույց է և Հարավային Կովկասում տվյալահեն գիտելիքները խթանող առաջատար տարածաշրջանային հաստատություն։ ՀՌԿԿ-Հայաստանի ինստիտուցիոնալ կայունությունը և անընդհատ վերաձևավորվող ֆինանսավորման լանդշաֆտի նկատմամբ դիմադրողականությունը վկայում են դոնորների և գործընկերների կողմից մեզ տրված վստահության, ինչպես նաև փոփոխվող համատեքստերում հարմարվելու, նորարարություններ անելու և սովորելու մեր ունակության մասին։ Հիմնադրամի անկախությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը, բարձր էթիկական գործունեությունը և թափանցիկ կառավարումը, որոնք հենված են գործընթացների կառավարման խելացի ենթակառուցվածքի վրա, ընդգծում են մեր կարևորությունը հատկապես անկայունության և քաղաքացիական տարածքի նեղացման դարաշրջանում, որտեղ անկախ հետազոտությունների ձայնը երբեք ավելի կենսական չէր կարող լինել։
  • 2003

    Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տարածաշրջանային գրասենյակի հիմնում

    ՀՌԿԿ-ի հայաստանյան գրասենյակի բացում՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս

    Առաջին տարածաշրջանային մեթոդաբանական դասընթացի անցկացում

  • 2004

    Կամավորության ծրագրի մեկնարկ

  • 2005

    Կովկասյան բարոմետրի առաջին տարին

  • 2006

    «Միջազգային արժույթի հիմնադրամն ու Հարավային Կովկասը 21-րդ դարում» տարածաշրջանային գիտաժողով

  • 2007

    Առաջին դրամաշնորհային ծրագիրը (Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի ֆինանսավորումից զատ)՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունից

  • 2008

    Առաջին հետազոտությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար

  • 2009

    Առաջին հետազոտական ծրագիրը Եվրամիության համար

  • 2010

    Առաջին հետազոտական ծրագիրը Ազգային ժողովրդավարության ինստիտուտի համար

  • 2011

    Արժեքների համաշխարհային հետազոտությունը Հայաստանում

  • 2012

    Առաջին հետազոտությունը Համաշխարհային բանկի համար

  • 2013

    ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ստեղծում՝ որպես անկախ կազմակերպություն

  • 2014

    Համագործակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման շուրջ

  • 2015

    ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի մեկնարկ

  • 2016

    «ՀՀ-ում սիրիահայերի տնտեսական ինտեգրումը» կարիքների գնահատում և տվյալադարանի ստեղծում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համար

  • 2017

    Ծրագրի առաջին ամբողջական գնահատում Ավստրիական զարգացման գործակալության համար

  • 2018

    Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ Հայաստան վերադարձից հետո առաջին համատեղ ծրագիրը

  • 2019

    Առաջին Think Tank ֆորումը

  • 2020

    Քովիդ-19 համավարակի մասին առաջին հանրայնորեն հասանելի կամավոր հիմունքներով հետազոտությունը Հայաստանում

  • 2021

    ՀՌԿԿ-Հայաստանը՝ ԵՄ աջակցությամբ 3-ամյա ծրագրի համընկերության ղեկավար

  • 2022

    ՀՌԿԿ ներքին կառավարման նոր համակարգի հիմնադրում

    Կազմակերպական նոր կառուցվածք և ղեկավար կազմ

    Անցում ծրագրային կառավարումից դեպի գործընթացային կառավարման

    Դաշտային աշխատանքների բարեփոխման համապարփակ ծրագրի մեկնարկ

    Նոր գրասենյակ

  • 2023

    Ինստիտուցիոնալ զարգացման դրամաշնորհ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի կողմից և նոր բիզնես մոդելների փորձարկում

  • 2024

    Խառը մեթոդներով հետազոտական թիմի ստեղծում, դաշտային աշխատանքների նորարար լուծումների համալիր գործարկում և ներքին գործընթացների ենթակառուցվածքի հիմնում

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.