Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար
Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար
ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հանրային ներկայացման նպատակն է իրազեկել «Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար» ձեռնարկի մասին և խթանել ձեռնարկի կիրառությունը ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում: Ձեռնարկը, ըստ ՀՌԿԿ-Հայաստանի, օգտակար կլինի ՔՀԿ-ների համար՝ իրենց ծրագրերի շրջանակներում հետազոտության բաղադրիչ պլանավորելու և համապատասխան հետազոտական հմտություններ ձեռք բերելու հարցում:
Առցանց ձեռնարկն անդրադառնում է հասարակագիտական հետազոտության տրամաբանության կանոններին, հետազոտության որակական և քանակական մեթոդներին, հետազոտական էթիկային և հետազոտական տվյալների համակարգչային վերլուծության ծրագրերին: Այն հարուստ է համապատասխան էլեկտրոնային հղումներով, ինչով և պայմանավորված է վերջինիս առցանց հրատարակումը:
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է
ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր մշակում կամ նախագծում են ծրագրային առաջարկներ և իրենց ծրագրային առաջարկներում հետազոտական բաղադրիչ պլանավորելու կարիք ունեն: Ձեռնարկը օգտակար կլինի նաև այն ՔՀԿ ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրային հիմնախնդիրները հիմնավորելիս կամ զեկույցներ պատրաստելիս ցանկանում են արդյունավետ կերպով օգտվել հետազոտական զեկույցներից կամ տվյալներից:
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
- Նաիրա Վարդանյանը հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ «Իմ հայաստան» ծրագրի մշտադիտարկման/գնահատման և հետազոտությունների մասնագետը։ Մինչ այդ նա աշխատել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամում որպես տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար։ Նաիրան ունի հետազոտության ավելի քան 15 տարվա փորձ:
- Սոնա Բալասանյանը ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին միացել է 2016թ. օգոստոսին: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Կրթության (հետազոտության նախագծում և մեթոդաբանություն) գծով մագիստրոսի երկրորդ աստիճանն ստացել է 2015թ.՝ Օքսֆորդի (Անգլիա) համալսարանից: 2010 թ.-ից դասավանդում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, հեղինակել է սոցիոլոգիական գրքեր և հոդվածներ: