ReDriM | Նելլի Լազարյան
Գործազուրկների «փոս ընկած» բազմոցն ու կառավարության մեկնած ձեռքը
Հայաստանում շատերն են առերեսվում գործազրկության խնդրին։ Մեկը դժգոհում է տարիքային սահմանափակման պահանջից, մյուսը՝ փորձի պակաս ունի, հաջորդն էլ ընդհանրապես աշխատաշուկայում հարմար առաջարկ չի գտնում: Նրանք բոլորն էլ «փոս ընկած բազմոցից» վեր կենալու համար Կառավարության ձեռք մեկնմանն են սպասում, որը խոստացվել էր դեռ հեղափոխությունից առաջ։
Դեռևս 2018 թ․-ին ամենաբարձր մակարդակով հայտարարվել էր, որ աշխատանքի համար ստեղծել են հնարավոր բոլոր լավ պայմանները, և խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ որ շատ քաղաքացիներ չեն ուզում վեր կենալ իրենց տան բազմոցից ու աշխատել։
«350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու. վեր կացե՛ք ձեր տան բազմոցից ու աշխատե՛ք»,- 2018 թ․-ին հայտարարել էր երկրի վարչապետը։
Մինչդեռ հայաստանցիներից շատերը նման կարծիք չունեն. Պատճառը՝ աշխատատեղ չլինելն է։ Կովկասյան բարոմետրի տվյալներով, սկսած 2008 թվականից, հայաստանցիները որպես երկրի ամենակարևոր խնդիր մատնանշում են գործազրկությունը։
«Բազմոցից վեր կենալու» և սեզոնային աշխատանքի գնալու առաջարկ տղամարդկանց մի ստվար զանգված ստանում է «դրսից»՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, որովհետև Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են «անգերազանցելի» մնալ ոչ միայն ԱՊՀ, այլև նույնիսկ Հարավային Կովկասի երեք երկրների շարքում։
2019 թվականից 7.6% տնտեսական աճին զուգահեռ, հանրապետությունում գործազրկության մակարդակի որոշակի նվազման միտում է նկատվում։ Նախորդ տարում աշխատունակ բնակչության 2.6%-ին հաջողվել է աշխատանք գտնել. «բազմոցներին նստած» է մնում բնակչության 17․9%-ը։
Համաձայն վիճակագրական տվյալների՝ գործազրկության մակարդակը շարունակում է նվազել նաև 2020 թ․-ի առաջին եռամսյակում։ Ի տարբերություն 2019-ի հունվար, փետրվար, մարտ ամիսների՝ այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ՝ 5․2%-ով Հայաստանում նվազում է գրանցված գործազուրկների թիվը, թեև որոշ մարզերում՝ Լոռիում, Վայոց Ձորում և Տավուշում աճ է նկատվում։ Գրանցված գործազուրկների թիվը ամենաշատը նվազում է մայրաքաղաք Երևանում և Սյունիքի մարզում։
2020 թ․-ի առաջին եռամսյակում գործազրկությունը նվազում է նաև աշխատանքային շուկայի ցուցանիշներով. եթե 2019 թ․-ին նրանց թիվը կազմում էր 253 000, ապա 2020 թ․-ին այդ թիվը նվազում է՝ հասնելով 233,500-ի։ Սրան զուգահեռ՝ 1500 քաղաքացի գրացված աշխատանք է գտնում։
Աշխարհում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020 թ․-ի մարտից Հայաստանում ևս գործազրկության նվազման միտումները հակառակ ուղղությամբ են սկսում շարժվել։ Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են՝ երկրում գործազրկության մակարդակը կաճի 1.3%-ով՝ 17.7%-ից հասնելով մինչև 19%-ի:
Իսկ մինչ այդ Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել օր օրի իրենց տների բազմոցներին շարվող քաղաքացիների վիճակը բարելավելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք ծրագրեր են մշակվում, որից հետո պաշտոնական գնահատականներ են հնչում, որ 4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը։
Թե իրականում քանի քաղաքացի է ստիպված եղել համալրել իրենց տան բազմոցին նստած գործազուրկների շարքերը, կերևա արդեն տարվա վերջին հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալներից։
Հեղինակ՝ Նելլի Լազարյան
Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։