2021-ի Կովկասյան բարոմետրի արդյունքները ներկայացվեցին
2021-ի Կովկասյան բարոմետրի արդյունքները ներկայացվեցին
ԵՐԵՎԱՆ, հունիսի 6, 2022 թ։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021 թ. հետազոտությունը։ Ներկայացվեցին հետազոտության հիմնական արդյունքները, մեթոդաբանությունը, ինչպես նաև համեմատականներ նախորդ տարիների «Կովկասյան բարոմետրի» տվյալների համադրմամբ։
««Կովկասյան բարոմետրը» նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքը: Այն բացառիկ տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների հանրային ընկալման մասին: Հարցման առաջին ալիքն իրականացվել է 2004 թ.-ին հարավկովկասյան երեք երկրների մայրաքաղաքներում, 2006 թ.-ից` նաև քաղաքային և գյուղական այլ բնակավայրերում: 2015 թ․-ից հետո Բարոմետրն իրականացվել է միայն Հայաստանում և Վրաստանում»,- նշեց ՀՌԿԿ-Հայաստանի գոծադիր տնօրեն Սոնա Բալասանյանը։
Նա ավելացրեց, որ 2021 թվականին փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքն ինչպես ընդհանրապես քաղաքականության, ժողովրդավարության, հանրային ինստիտուտների, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմի, արտաքին քաղաքականության, անկախության, ինքնության, լրատվական նախասիրությունների և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
Հարցման տվյալների հավաքագրման ժամանակահատվածն ընդգրկել է 2021 թ․ դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ․ փետրվարի 4-ը։ Ներկայացուցչական ընտրանքի չափը կազմել է 1648 հարցվող չափահաս բնակչության շրջանում։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով։ Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։
Հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվեցին մի քանի հիմնական բաժիններով։
Քաղաքական ուղղության և պետության դերի մասին
- Հայաստանցիների միայն 17%-ն է կարծում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ 44%-ի կարծիքով ուղղությունը սխալ է: Հեղափոխությունից հետո (2019 թ․ տվյալներով) հարցվածների 67%-ն էր համարում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
- Հարցվածների մոտ 52%-ը նշել է, որ իր նման մարդիկ արդարացի վերաբերմունքի չեն արժանանում կառավարության կողմից։
- Միևնույն ժամանակ, 79%-ը կարծում է, որ կարող է ազատ ասել այն, ինչ մտածում է։
- Հայաստանցիների 68%-ը համաձայն է այն դատողության հետ, որ մարդիկ երեխաների նման են, և պետությունը ծնողի նման պետք է հոգ տանի իրենց մասին։
- Հարցվածների 57%-ը կարծում է, որ մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաների, քանի որ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պահանջատեր է: Երևանցիներն ամենաշատն են համաձայն այս դատողության հետ (64%՝ Երևանում, 56%՝ այլ քաղաքներում, 52%՝ գյուղերում)։ Մարդկանց 33%-ն էլ համարում է, որ չպետք է մասնակցել իշխանության դեմ բողոքի ակցիաների, քանի որ դա վտանգում է երկրի կայունությունը։
- Ըստ հայաստանցիների 80%-ի, երբեմն քաղաքականությունն ու կառավարումն այնքան խճճված են, որ իրենց նման մարդիկ չեն կարող հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Հայաստանի չորս իշխանությունների և նրանց ձեռքբերումների ու ձախողումների մասին
- Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության (1991-1998) հիմնական հաջողությունները, ըստ հասարակության, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը (20%) և Հայաստանի անկախացումն ու միջազգային ճանաչումն էին (15%)։
Հայաստանցիների 36%-ը նշել է, որ Տեր-Պետրոսյանը հաջողություններ չի ունեցել։ Նրա կառավարության ամենամեծ անհաջողությունը, ըստ հարցվածների, էներգետիկ ճգնաժամն ու սպառողական ապրանքների պակասը (21%) և տնտեսական գահավիժումն (16%) էին: Քսանչորս տոկոսը (24%) դժվարացել է նշել Տեր-Պետրոսյանի որևէ ձեռքբերում, իսկ 32%-ը՝ որևէ ձախողում։
- Ռոբերտ Քոչարյանի կառավարության (1998-2008) հիմնական հաջողությունն, ըստ 25%-ի, տնտեսական աճն էր։ Երեսունինը տոկոսը (39%) նշել է, որ նա հաջողություն չի ունեցել, 20%-ը չգիտի՝ ինչ հաջողություն նշել։
Քոչարյանի ամենամեծ ձախողումներն, ըստ հարցվածների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը (15%), Մարտի 1-ի իրադարձությունները (8%), Արցախը բանակցություններից դուրս թողնելը (8%), «գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների փոխանցումն (8%) էին։ Քսանութ տոկոսը (28%) չգիտի՝ ինչ ձախողում նշել։
- Սերժ Սարգսյանի կառավարությունը (2008-2018), ըստ հասարակության մեծամասնության (54%), հաջողություններ չի ունեցել, իսկ 22%-ը չգիտի՝ ինչ նշել։ Որպես ձախողումներ ամենից շատ նշվել են Ապրիլյան պատերազմը և ՀՀ տարածքային կորուստները (16%), աղքատությունն ու արտագաղթի նոր ալիքը (13%), Լեռնային Ղարաբաղի հարցին լուծում տալու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը (8%), կոռուպցիան (5%): Քսանհինգ տոկոսը (25%) չգիտի, թե նա ինչ ձախողում է ունեցել։
- Նիկոլ Փաշինյանի կառավարության (2018 – ցայսօր) հիմնական հաջողություններ համարվել են կոռուպցիայի նվազեցումը և Հայաստանի ժողովրդավարական զարգացման հույս ներշնչելը (10-ական %)։ Որպես Փաշինյանի կառավարման տարիների հիմնական անհաջողություններ նշվել են պարտությունը Արցախյան պատերազմում (54%) և պատերազմը կանխելուն ուղղված դիվանագիտական ջանքերի ձախողումը (14%)։ Միայն 7%-ը չի կարողացել նշել ձախողումներ։
Լրատվամիջոցների նկատմամբ դիրքորոշումների, լրատվության սպառման մասին
- Հեռուստատեսությունը հայաստանցիների 42%-ի համար տեղեկատվության հիմնական աղբյուրն է՝ 23%-ը դիտում է Հանրային ՀԸ, 20%-ը՝ «Արմենիա» ՀԸ, 14%-ը՝ «Շանթ», իսկ 20%-ն առհասարակ չի վստահում հեռուստատեսությանը։ Սոցիալական ցանցերից ամենաշատն օգտագործվում են Facebook-ը՝ 37%, Youtube-ը (31%), Instagram-ը (17%), Tiktok-ը (7%): Հաղորդագրությունների համար՝ Viber-ը՝ 33%, Facebook messenger-ը` 28%, Whatsapp-ը՝ 26%-ը, Telegram-ը՝ 9%-ը, 4%-ը չի օգտագործում որևէ պլատֆորմ հաղորդագրությունների համար։
- Այդուհանդերձ, հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ հեռուստատեսությունը լավ է լուսաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ 43%-ը համաձայն չէ այն մտքի հետ, որ հեռուստատեսային լրագրողները ծառայում են իր նման մարդկանց շահերին։
- Գուցե նաև այդ պատճառով քաղաքական լրատվություն հայաստանցիների մոտ 84%-ը ստանում է սոցիալական ցանցերից։ Միևնույն ժամանակ, 52%-ը համարում է, որ սոցիալական մեդիան հիմնականում բացասական ազդեցություն ունի հասարակության վրա, իսկ 60%-ը շատ անհանգստացած է սխալ, մոլորեցնող տեղեկատվությամբ կամ ապատեղեկատվությամբ։
- Լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվության տարածման հիմնական պատճառն, ըստ հասարակության, այն է, որ մեդիան ցանկանում է մարդկանց մոլորեցնել (34%), որ լրատվամիջոցները հետևում են որևէ քաղաքական օրակարգի (23%), որ դրանք պարզապես «քլիքեր» են հավաքում (20%):
- Հայաստանցիների մոտ 28%-ն է լրատվության մեջ իր կարդացածը համեմատում այլ աղբյուրներում գրվածի հետ, իսկ 10%-ը տեղեկատվությունը ճշգրտում է վստահելի մարդկանց հարցուփորձ անելով։ Մոտ 40%-ն ուղղակի չի ստուգում կասկածելի տեղեկատվությունը։
Վստահության մասին
- Լրատվամիջոցներն այս տարի ամենաքիչ վստահելի ինստիտուտներից են՝ հարցվածների ընդամենը 10%-ն է վստահություն արտահայտում լրատվամիջոցների հանդեպ, իսկ նրանց ամբողջությամբ վստահում է ընդամենը 2%-ը։
- Զգալիորեն նվազել է վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների, գործադիր իշխանության և Ազգային ժողովի նկատմամբ (3-ական %-ն է լիովին վստահում այս ինստիտուտներին, տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի շուտ վստահում է 17%-ը, գործադիր իշխանությանը և ազգային ժողովին՝ 13-ական տոկոսը): Գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության նկատմամբ 2021 թ․ ցուցանիշն ամենացածրն է 2008 թ․-ից հետո։
- Ամենավստահելի համարվել են Մարդու իրավունքների պաշտպանը՝ 81% (լիովին վստահում է 60%-ը, ավելի շուտ վստահում է 21%-ը), բանակը՝ 83% (լիովին վստահում է 58%-ը, ավելի շուտ վստահում է 25%-ը)։
- Այս հարցման արդյունքներով զգալիորեն աճել է վստահությունը Եվրոպական միության նկատմամբ․ այս կառույցին վստահում է հայաստանցիների 53%-ը։ 2019 թ․-ին ԵՄ-ին վստահում էր 37%-ը, 2017 թ․-ին` 29%-ը:
- Առողջապահության և կրթական համակարգին վստահում է հայաստանցիների 42%-ը։ Երկու դեպքում էլ չվստահողների թիվն այս անգամ ամենամեծն է՝ նախորդ տարիների հարցումների հետ համեմատած։
- Քաղաքական կուսակցություններին վստահողները և չվստահողները գրեթե հավասար են՝ մոտ 40-ական տոկոս։ Ընդ որում, կուսակցությունների նկատմամբ վստահության ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ տարիների հետ համեմատ։
- Բավականին աճել է դատական համակարգի և ոստիկանության նկատմամբ անվստահությունը․ 54%-ը չի վստահում դատական համակարգին, 57%-ը՝ ոստիկանությանը։
Արցախյան հարցի և առնչվող ընկալումների մասին
- Երկրում խաղաղության բացակայությունը հասարակության ամենակարևոր խնդիրն է համարել հայաստանցիների 41%-ը, սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան՝ 18%-ը։ Նախկինում տնտեսական խնդիրները՝ գործազրկությունը և աղքատությունը, դիտարկվում էին որպես առավել կարևոր հիմնախնդիրներ։
- Հայաստանցիների 39%-ը կարծում է, որ Արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30%-ի կարծիքով պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25%-ը մտածում է, որ պետք է պահպանել այսօվա ստատուս քվոն։
- Հայաստանցիների 76%-ը համակարծիք է այն հարցում, որ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկումը կվտանգի ազգային անվտանգությունը, իսկ 32%-ը կարծում է, որ դա նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։
- Ռուսաստանի նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել․ այն 2013 թ․ 83%-ից 2021-ին արդեն դարձել է 35%։ Միևնույն ժամանակ, հարցվածների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար վատ իրադարձություն էր, իսկ 44%-ի կարծիքով հիմա ավելի վատ ենք ապրում, քան ԽՍՀՄ օրոք։
- ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ է հարցվածների 29%-ը, Եվրամիությանն անդամակցությանը՝ 30%-ը, ԵԱՏՄ-ին՝ 26%-ը:
- Հայաստանցիների 91%-ն անձնական պատասխանատվություն է զգում հայրենիքի առջև, իսկ 65%-ը նշում է, որ ներկայիս քաղաքական գործիչները առաջնահերթություն չեն տալիս քաղաքացիների կարիքներին։
- Թեպետ հարցվածների 76%-ը կարծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար մոտ ապագայի սպառանալիք են, սակայն 70%-ը չի ցանկանում լքել երկիրը։
Բարոմետրի արդյունքների ներկայացումը ԱՅՍՏԵՂ։
Հետազոտության տվյալադարանը, հարցաշարը և այլ նյութեր ԱՅՍՏԵՂ։
Նշում
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը՝ որպես «Կովկասյան բարոմետրի» հեղինակ, պատասխանատու է իր իրականացրած հետազոտական և վերլուծական աշխատանքի համար։ Այդուհանդերձ, կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում «Կովկասյան բարոմետրի» տվյալների շահարկման, սխալ վերլուծության կամ սխալ մեկնաբանումների, տվյալների տարընթերցման համար։ Կազմակերպությունը հորդորում է ուշադիր լինել տվյալների վերլուծության մասնագիտական կանոնների և էթիկայի նկատմամբ։