ՀՀ հյուսիսային մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները ներկայացվեցին նաև Երևանում

ՀՀ հյուսիսային մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները ներկայացվեցին նաև Երևանում

Ամսաթիվ՝ Դեկտեմբեր 21, 2022
ՀՀ հյուսիսային մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները ներկայացվեցին նաև Երևանում

Դեկտեմբերի 20-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում Երևանում՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնում, բացվեց «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ»  տվյալների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան հանրամատչելի և ինտերակտիվ ձևաչափով՝ մեծադիր պաստառների, անիմացված տեսաշարքերի, ինտերակտիվ քարտեզի միջոցով ծանոթանալ աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում համայնքային մակարդակում իրականացված հետազոտությունների արդյունքներին ու մեթոդաբանությանը, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քնարկել իրենց հետաքրքրող հարցերը։

Մինչ այդ, դեկտեմբերի 9-ից 17-ի ընթացքում ցուցահանդեսը շրջել է Տավուշի, Լոռու, Շիրակի մարզկենտրոններում, որտեղ տեղի են ունեցել նաև համայնքային մակարդակում բազմաչափ աղքատության հետ կապված խնդիրների վերաբերյալ  հանրային քննարկումներ մարզերի քաղհասարակության, միասնական սոցիալական ծառայությունների, մարզային և համայնքային կառավարման մարմինների, կրթական, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով հղկել հետազոտություններով դուրս բերված առաջարկությունները և գաղափարներ հավաքագրել շահերի պաշտպանության գործողություններին ընդառաջ:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև դեկտեմբերի 21-ին և 22-ին։

Ստորեւ ներկայացված են որոշ ցուցանիշներ հետազոտություններից։

Բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքային մակարդակում իրականացված հետազոտություն (հետազոտությունն իրականացրել է ՀՌԿԿ-Հայաստանը)

Տավուշ

  • Տավուշի քաղաքային և գյուղական համայնքների տնային տնտեսությունների (ՏՏ) շուրջ 64, իսկ Իջևանի տնային տնտեսությունների շուրջ 5 տոկոսըիրենց չեն կարող թույլ տալ օրը մեջ հավով, մսով, ձկով կամ համարժեք բուսակերային կերակուր ուտել։
  • Մեկշաբաթյա տարեկան արձակուրդիմեկնել իրենց թույլ տալ կարող է մարզի գյուղական տնային տնտեսությունների միայն շուրջ 14, քաղաքային ՏՏ-ների շուրջ 18, Իջևանի ՏՏ-ների շուրջ 15 տոկոսը։
  • Տավուշում ավելի բարձր է նաև դրամական փոխանցումներից կախվածությունը։
  • Տավուշի գյուղական ՏՏ-ների շուրջ 24 տոկոսըզրկանք կրող է տրանսպորտի հասանելիության առումով, ավելի քան 49 տոկոսը՝ աշխատաշուկայում մասնակցության առումով, առողջապահական ծառայությունների հասանելիության առումով՝ գյուղական ՏՏ-ների ավելի քան 37 տոկոսը։
  • Միաժամանակ, լավ կրթություն ապահովելուհնարավորության բացակայությունը որպես հիմնական խնդիր է նշել մարզի գյուղական համայնքների բնակչության 5, քաղաքայինի՝ շուրջ 48, Իսկ Իջևանի բնակչության ավելի քան 37 տոկոսը։

Լոռի

  • Լոռու գյուղական տնային տնտեսությունների ավելի քան 71, Վանաձորի ՏՏ-ների 72, իսկ Սպիտակի ՏՏ-ների շուրջ 84 տոկոսն իրենց չեն կարող թույլ տալ օրը մեջ հավով, մսով, ձկով կամ համարժեք բուսակերային կերակուր ուտել: Սպիտակի ցուցանիշն ամենաբարձրն է երեք մարզերում։
  • Ամսական պահանջվող նվազագույն ծախսերը հոգալու համար ընդհանուր եկամուտը մեծ դժվարությամբ է բավարարում Վանաձորի տնային տնտեսությունների շուրջ 50, Լոռու գյուղերի՝ 60.6, իսկ Սպիտակի շուրջ 69 տոկոսին։

Շիրակ

  • Թեպետ մարզային կտրվածքով Շիրակի և Լոռու մարզերում բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ)* գրեթե նույնն է՝ շուրջ 16 տոկոս (Տավուշում՝ 17.6%), ըստ համայնքների դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ Շիրակի գյուղական համայնքներում ԲԱԻ-ն ամենաբարձրն է երեք մարզերում՝ շուրջ 24 տոկոս։
  • «Ձեր տնային տնտեսության ընդհանուր եկամուտը բավարարո՞ւմ է ամսական պահանջվող նվազագույն ծախսերը հոգալու համար» հարցին «մեծ դժվարությամբ» պատասխանել է Շիրակի գյուղական համայնքների տնային տնտեսությունների (ՏՏ) 62.7 տոկոսը. այս ցուցանիշը երկրորդ ամենաբարձրն է՝ Սպիտակից հետո (68.3%)
  • Շիրակի գյուղական ՏՏ-ների շրջանում ամենամեծ զրկվածությունը (37.6%) արձանագրվել է հանրային ծառայությունների որակի մասով (ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, էլեկտրամատակարարում և այլն):

* ԲԱԻ-ի չափման համար ներառվել են հինգ չափականություններ (որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցանիշները)՝ հիմնական կարիքներ, բնակարանային պայմաններ, կրթություն, աշխատանք, առողջապահություն։

Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն. Շիրակ, Լոռի, Տավուշ (տնային տնտեսությունների վիճակագրական հետազոտությունն իրականացրել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը)

Միգրացիա

  • Երեք մազերի ՏՏ-ների 21.2 տոկոսը միգրանտ ունի։ 31-45 տարեկաները արտաքին միգրանտների ամենամեծ բաժինն են կազմում բոլոր 3 մարզերում։
  • Բոլոր մարզերում թե արտաքին, թե ներքին միգրանտների մեծամասնությունը տղամարդիկ են՝ արտաքինի դեպքում միջինում 88 տոկոս, ներքին դեպքում՝ շուրջ 77։
  • Ներքին միգրացիայի դեպքում կանանց մասնաբաժինը համեմատաբար մեծ է Լոռու մարզում՝ 44.4 տոկոս։

Զբաղվածություն

  • Լոռիում և Տավուշում գործազրկության մակարդակը հավասար է՝ 27.1 տոկոս, Շիրակում 24.7 տոկոս է։ Բոլոր երեք մարզերում միջնակարգ կրթություն ունեցողները (56.4 տոկոս), 31-45 տարեկանները (39.3 տոկոս) և կանայք (շուրջ 76 տոկոս) կազմում են գործազուրկների գերակշիռ մասը։
  • Լոռիում և Շիրակում սեփական գյուղացիական տնտեսությունում զբաղվածները կազմում են ամենամեծ տոկոսը՝ 41 և 38.5 տոկոս համապատասխանաբար։ Տավուշում ամենամեծ տոկոսը կազմում են պետական/համայնքային հիմնարկներում աշխատողները՝ 33.8 տոկոս, իսկ սեփական գյուղացիական տնտեսությունում զբաղվածները երկրորդ տեղում են՝ 27.7 տոկոս։

Եկամուտներ և բարեկեցություն

  • Մեկ շնչի հաշվով եկամուտների առումով ամենամեծ մասնաբաժինը բոլոր մարզերում մինչև 45 հազար դրամ վաստակողներինն է. Ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է՝ 56.5 տոկոս։
  • 2020-ի համեմատ 2021-ին բոլոր մարզերում ավելի քիչ ՏՏ-ներ են իրենց աղքատ համարել, և ավելի քիչ ՏՏ-ներ՝ ոչ աղքատ։
  • Բոլոր երեք մարզերում եկամուտների և պարտքերի փոփոխություն ունեցած ՏՏ-ների թվում զգալիորեն ավելի մեծ է եկամուտների նվազում ունեցողների մասնաբաժինը (31.1 տոկոս ընդդեմ 8.4 տոկոսի), ավելի փոքր՝ պարտքերի նվազում ունեցողներինը (18.8 տոկոս ընդդեմ 30.1 տոկոսի)։

Սոցիալական քաղաքականություն և ծառայությունների հասանելիություն

  • Բժշկական ծառայությունները լիովին հասանելի է գնահատել Լոռու ՏՏ-ների 23.2, Տավուշի՝ շուրջ 24, Շիրակի՝ 10 տոկոսը։
  • Երիտասարդների զբաղվածության հնարավորությունները լիովին հասանելի է համարել Լոռու ՏՏ-ների 7 տոկոսը, Շիրակի՝ 10 տոկոսը։
  • Փողոցային լուսավորության և աղբի ժամանակին հեռացման առումով ամենավատ գնահատականը Շիրակի մարզում է՝ լիովին հասանելի են համարել համապատասխանաբար շուրջ 43 և 49 տոկոսը։
  • Այգիների հասանելիության առումով նույնպես ամենացածր գնահատականը տվել են Շիրակի մարզի ՏՏ-ները՝ լիովին հասանելի է համարել միայն 17.6 տոկոսը։

Բարեփոխումների կարիք

  • Լրացուցիչ աշխատատեղերի և աշխատանքային հնարավորությունների ստեղծումը բոլոր երեք մարզերում համարվել է բարեփոխման ամենամեծ կարիք՝ շուրջ 86 տոկոս։
  • Համայնքի երեխաներին աջակցության և դաստիարակության բարելավան առումով ամենաշատ նշված պայման է այգիների և պուրակների, խաղահրապարակների առկայությունը/ստեղծումը՝ 60.3 տոկոս։

Տվյալների ցուցահանդեսի բոլոր նյութերին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

«Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրիմիջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: