Տվյալների վիզուալացման դասընթաց
Համառոտ ակնարկ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը մեկնարկում է «ReDriM» (անգլ․՝ «Research-Driven Media») տվյալների վիզուալացման ծրագիրը՝ լրագրողների և հաղորդակցության մասնագետների համար։
Մենք հավատում ենք, որ մեդիա և հետազոտական ոլորտների արդյունավետ համագործակցությունը կարող է լրջորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին։ Այս նպատակով «ReDriM» ծրագիրը կմիավորի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին հետազոտական տվյալների օգտագործման, վերլուծության և շրջանառման շուրջ։ Այսպես, ծրագիրը նաև հասանելի կդարձնի սոցիալական, տնտեսական և քաղաքական գործընթացներին վերաբերող հետազոտական տվյալները հանրության համար։
Հրավիրում ենք Հայաստանի և Արցախի լրագրողներին և հաղորդակցության մասնագետներին՝ մասնակցելու հետազոտական տվյալների վիզուալացման 4-օրյա ինտենսիվ դասընթացի։
Ով կարող է մասնակցել
Դասընթացին կարող են մասնակցել․
- լրագրողները,
- ՔՀԿ ոլորտի հաղորդակցության մասնագետները,
- հետազոտական տվյալների կիրառմամբ հանրօգուտ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները կամ անհատները։
Ինչ կտա դասընթացը
Չորսօրյա այս դասընթացը համադրելու է տվյալների վիզուալացման տեսական գիտելիքները և պրակտիկ հմտությունները։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն․
- հետազոտական տվյալների վերլուծության նախնական հմտություններ,
- բաց տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքներից օգտվելու կարողություն,
- տվյալների ստատիկ վիզուալացման հմտություններ,
- տվյալների անիմացիոն վիզուալացման հմտություններ,
- հետազոտական տվյալների հիման վրա հրապարակման ենթակա նյութեր պատրաստելու կարողություն։
Դասընթացը կվարեն ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական թիմի անդամները, ինչպես նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցներ Գեղամ Վարդանյանը (Media.am կայքի գլխավոր խմբագիր) և Նատալի Հարությունյանը (Արտադրության բաժնի ղեկավար, գրաֆիկ դիզայներ)։
Մասնակիցների պրակտիկ առաջադրանքների արդյունքները հրապարակվելու են www.crrc.am կայքում և ներկայացվելու են 2020 թ․ մայիս ամսին նախատեսվող հանրային միջոցառման ժամանակ։
Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։
ՀՀ մարզերից և Արցախից ժամանող մասնակիցների ճանապարհի և կացության ծախսերը կհոգա ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը։
Ինչպես մասնակցել
Մասնակցության համար անհրաժեշտ է․
- լրացնել ծրագրի առցանց հայտադիմումը,
- Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն (առկայության դեպքում) ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ReDriM:
Հայտագրվելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։
Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Հայկ Սմբատյանին՝ [email protected] էլ․ հասցեով:
«ReDriM» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» (National Endowment for Democracy) ֆինանսական աջակցությամբ, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից: