ReDriM | Մարջան Չոբանյան

Հայաստանի գերխնդիրն ու «թավիշը»

 

Ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչպիսին է եղել հայաստանցիների սոցիալական վիճակի պատկերը վերջին տարիներին: Օրինակ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը («թավշյա հեղափոխություն») և դրանից հետո: Ինքս, մի կողմ դնելով այն բոլոր գործոնները, պատճառ-հետևանքային կապերը, որոնք կարող էին որևէ ազդեցություն ունենալ այս հարցում, փորձել եմ պարզապես արձանագրել վիճակագրությունն ու կիսվել արդյունքներով:

Հայաստանի սոցիալական պատկերը

2019-ին հայաստանցիները երկրի կարևորագույն խնդիրը գործազրկությունից հետո համարել են աղքատությունը:

2016-2018թթ-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների տարեկան միջին թիվը 79,200-ից դարձել է 67,700:

Այստեղ շատ կարևոր եմ համարում նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ու Հայաստանում առկա գործազրկության թիվը լիովին չեն հաապատասխանում իրար, քանի որ ոչ բոլոր անձինք են հաշվառվում զբաղվածության պետական ծառայությունում և ստանում գործազուրկի կարգավիճակ: Հայաստանի վիճակագրական կոմիտեն պաշտոնապես գրանցված գործազուրկների տվյալները հավաքագրելուց բացի՝ տնային տնտեսություններում իրականացնում է նաև աշխատուժի հետազոտություն: Հետևաբար գործազուրկների թիվն այս պարագայում կարող է մի քանի անգամ ավելի լինել:

Կոմիտեի՝ աշխատուժի հետազոտության տվյալներով 2016-2018-ին Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 220,200245,400:

Ամսական միջին աշխատավարձ

2016-2018-ին միջին ամսական անվանական աշխատավարձը (ընդհանրացրած) 174,000 դրամից դարձել է 177,000 ապա՝ 172,000 դրամ: 2019-ի նախնականն ցուցանիշը եղել է 182,000 դրամ: Այս թվերը կազմում են շուրջ 350-370 ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2017 և 2019 թվականների կտրվածքով, Կովկասյան բարոմետրի տվյալներից երևում է, որ մարդկանց մեծամասնության կարծիքով «նորմալ» կյանքի համար անհրաժեշտ է ամսական միջինը 400-1200 ԱՄՆ դոլար: Այս պարագայում ենթադրաբար կարելի է ասել, որ օգնության են հասնելու փոխառությունները: Նույն տվյալներից երևում է, որ օրինակ 2019-ին տնային տնտեսությունների 57%-ը պարտքեր ուներ և տաս տարի առաջ էլ այդ ցուցանիշը գրեթե նույնն էր:

 
Նոր Հայաստան՝ «թավշյա սպասումներով»

2018-ին, երբ սկիզբ առան զանգվածային խաղաղ ցույցեր («թավշյա հեղափոխություն» ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ու հետագա իշխանավարման), հայաստանցիները արդեն բավականաչափ հիասթափված էին Սերժ Սարգսյանից ու նրա իշխանության աշխատաոճից: Ստացվեց այնպես, որ բողոքի ակցիաները հետզհետե վերածվեցին համաժողովրդական շարժման և հանրային ճնշման արդյունքում իշխանությունը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը: Սա սկիզբ դրեց քաղաքական նոր իրողության և իր հետ բերեց ժողովրդական նոր սպասումներ, հավատ, որ այսուհետ երկրում դրական փոփոխություններ են լինելու:

Այլ բան է՝ հետագայում նրանք, մեծ հաշվով, ի՞նչ գնահատական կտան այդ իրողություններին, բայց նրանց սպասումները մասամբ իրագործված կարելի է համարել:

Այս ընթացքում հիշեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որտեղ նա Հայաստանի մասին «100 փաստ» էր ներկայացնում՝ նշելով, որ 2020-2021 թվականների համար միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները: Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են արտահանման ներդրումների ծավալների բարելավում, աղքատության և գործազրկության նվազում:

Բայց, համաձայնեք, կանխատեսումները իրականության տեղ մատուցելը արդար չէ, իսկ գործազրկության նվազման մասին խոսելու համար դեռ շուտ է, քանի դեռ չկան ամփոփիչ տվյալներ: Այս պարագայում մնում է հավատով սպասել, թեև երկար սպասելու կարիք էլ չկա, մարդիկ ամենօրյա կյանքով զգում են՝ երկրում ինչպիսի տեղաշարժ կա:

Իրավիճակը Հայաստանում կլավանա՞

Թերևս որպես դրական օրինակ աչքի առաջ առայժմ կարող ենք ունենալ այն, որ 2000 թ․-ից ի վեր աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը եղել է անցյալ տարի (պարզվում է՝ վերջին քսան տարիներին ամսական միջին աշխատավարձը 22,000 դրամից դարձել է 182, 000):

Իսկ 2019-2020-ի առաջին եռամսյակի ցուցանիշներով գործազուրկների թիվը 253,600-ից դարձել է 233,500, թեև սրանք դեռ նախնական ցուցանիշներ են;

Հաշվի առնենք, որ վարչապետն իշխանության է եկել ժողովրդական շարժման արդյունքում՝ որպես «ժողովրդի թեկնածու»: Ու եթե 2017-ին հայաստանցիների 47%-ն էր կարծում, որ երկրում իրավիճակը կլավանա, ապա 2019-ին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 80%-ի: Այս ֆոնին նրան այլ բան չի մնում, քան լիովին բավարարել հանրության պահանջները, վերացնել հասարակական ամենասուր խնդիրներն ու սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել: Այդպես չանելը կնշանակի ձեռնոց նետել ժողովրդին… Արժի՞…

Հեղինակ՝ Մարջան Չոբանյան, լրագրող

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։