ReDriM | Սեդա Հերգնյան

Աղքատություն.
Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկի հետքերով

Հայաստանի բնակչության 13%-ը կարծում է, որ երկրի ամենակարևորը խնդիրն աղքատությունն է։ Այս մասին է վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամի իրականացրած հարցումը՝ «Կովկասյան բարոմետր-2019» հետազոտության շրջանակներում։

Հետազոտությունն անցակցվել է 2020 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 15-ը։ Դեմ առ դեմ հարցման մեթոդով իրականացված հետազոտությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1491 չափահաս մարդ (18 և ավելի տարեկան):

Հատկանշական է, որ նախորդ տարիների հարցումների ժամանակ ևս հարցվածները աղքատությունը նշել են որպես երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը։ Եվ աղքատությունից ավելի շատ հիշատակվել է միայն գործազրկությունը։

Համեմատության համար նշենք, որ «Կովկասյան բարոմետր-2019»-ի արդյունքներով՝ հարցվողների 29%-ը երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարել է գործազրկությունը, 13%-ը աղքատությունը, 11%-ը՝ չլուծված տարածքային խնդիրները։ Առավել հաճախ մատնանշվող խնդիրներից են նաև երկրում խաղաղության պակասը, կոռուպցիան և այլն։

Ստորև գտնվող գրաֆիկում, սեղմելով փոփոխականների վրա, կարող եք տեսնել Հայաստանի ամենակարևորը խնդիրը՝ ըստ Կովկասյան բարոմետրի վերջին հինգ տարիների տվյալների։ Այստեղ կարելի է նկատել, որ աղքատության և գործազրկության տեսակարար կշիռները պատասխանների ընդհանուր ցուցանիշում տարիների ընթացքում նվազել են։

Փոխարենը տեսանելի է, որ որպես երկրի ամենակարևոր խնդիր սկսել է ավելի շատ հիշատակվել, օրինակ, «չլուծված տարածքային կոնֆիլկտները» պատասխանը։

Աղքատությունը կարելի է չափել նյութական և ոչ նյութական, օբյեկտիվ ու սուբյեկտիվ չափանիշներով։

Աղքատության ընկալումներն էլ են տարբեր։ Օրինակ՝ մեկը կարող է իրեն աղքատ համարել, քանի որ չունի լողավազանով առանձնատուն, մյուսն էլ իրեն աղքատ է համարում, քանի որ ապրում է վարձով և չունի աշխատանք։

Այդուհանդերձ, երկրները աղքատությունը չափելու իրենց բանաձևերն են մշակել, որոնք համատասխանում են նաև միջազգային չափանիշներին։

Հայաստանի ամեն չորրորդ բնակիչն աղքատ է

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների, որոնք ամփոփում են 2018 թվականը, Հայաստանի բնակչության 23.5%-ն աղքատ է։ Խոսքը 700 հազար մարդու մասին է։

Այսինքն՝ երկրի ամեն չորրորդ բնակիչն աղքատ է։ Աղքատ է համարվում այն քաղաքացին, ով ամսական մոտ 43 հազար դրամից քիչ է ծախսում։

2008-2010 թվականներին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասավ նաև Հայաստան, աղքատության մակարդակը Հայաստանում բարձրացել է։ Հետագա տարիների ընթացքում այն դանդաղ տեմպերով նվազել է։

Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է

Հայաստանի մարզերում ու մայրաքաղաքում աղքատության մակարդակները տարբեր են։ «Ամենատխուրը» Շիրակի վիճակն է։ Այստեղ աղքատ է բնակչության 42%-ը։ Ընդ որում՝ վերջին առնվազն տասը տարիներին աղքատության ցուցանիշով Շիրակը եղել է «առաջամարտիկը»։

Վերջին գրաֆիկում էլ կարող եք տեսնել աղքատության մակարդակի «վարքագիծը» վերջին տասը տարիներին՝ ըստ մարզերի։

Մարզերում աղքատության մակարդակի և սոցիալ-տնտեսական բազմաթիվ ցուցանիշների միջև կարելի է ուղիղ կապեր տեսնել։ Այդ մասին կարելի է շատ երկար գրել, վերլուծել, նույնիսկ՝ փիլիսոփայել։

Սակայն այս նյութում միայն մեկ օրինակ նշենք. պատահական չէ, որ ամենաբարձր աղքատության մակարդակ արձանագրած Շիրակում միջին աշխատավարձը ամենացածրերից է։ Մասնավորապես, 2018 թվականի տվյալներով՝ միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 194 հազար դրամ, մինչդեռ Շիրակում այն ընդամենը 107 հազար դրամ է։

Հեղինակ՝ Սեդա Հերգնյան

Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։