Հանրային կարծիքի ուսումնասիրություն ՀՀ գերակա ոլորտների վերաբերյալ
Հանրային կարծիքի ուսումնասիրություն ՀՀ գերակա ոլորտների վերաբերյալ
Նպատակ
Սույն հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համար չորս գերակա ոլորտների (առողջապահություն, էներգետիկա, ղարաբաղյան հակամարտություն և կրթություն) վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Հետազոտությունն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի կողմից՝ Սիվիլնեթի պատվերով։ Տվյալները հավաքագրվել են 2020 թ. օգոստոսի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային (CATI) և վեբ (CAWI) հարցազրույցների միջոցով: Հարցմանը մասնակցել են 18 և բարձր տարիքի 1100 ՀՀ քաղաքացիներ:
Մեթոդաբանություն
Հետազոտության հարցաթերթ
ՀՀ գերակա ոլորտների վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության հարցաթերթը մշակվել է Սիվիլնեթի փորձագետների և վերանայվել ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետազոտական թիմի կողմից: Նախքան տվյալների հավաքագրումը, հարցաթերթը փորձարկել են 4 հարցազրուցավարներ ` 15 պիլոտային հարցազրուցների միջոցով: Փորձարկման արդյունքում հարցաթերթը լրամշակվել է: Այն ներառում է 50 հարց և կազմված է հետևյալ հինգ բաժիններից`
- Առողջապահություն
- Էներգետիկա
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորում
- Կրթություն
- Հարցվածների սոցիալ-տնտեսական նկարագիր:
Հարցման մեթոդ և դաշտային աշխատանքներ
Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2020թ․ օգոստոսի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցվել է 1100 ՀՀ չափահաս բնակիչ (95% վստահության սահմաններում, 3% սխալի թույլատրելի շեղումով)։ Հարցումն իրականացվել է հեռախոսային (CATI) և վեբ (CAWI) հարցազրույցների համադրությամբ: Հարցվածների հետ կապ հաստատելու համար օգտագործվել է պատահական հեռախոսահամարների գեներացման մեթոդը: Ի սկզբանե պատահականորեն գեներացված 10 000 բջջային հեռախոսահամարի (բաշխումն ըստ յուրաքանչյուր օպերատորի օգտատերերի թվի համամասնության) ուղարկվել է կարճ հաղորդագրություն, որին կցված է եղել հարցաթերթի առցանց տարբերակը, որը բաժանորդները կարող էին լրացնել։ Այս ճանապարհով ստացվել է ընդամենը 10 լրացված հարցաթերթ (CAWI): Մնացած 1090 հարցազրույցն իրականացվել է հեռախոսային հարցման միջոցով: Կարճ հաղորդագրության ծառայության (SMS) միջոցով հնարավոր է եղել այդ 10 000 պատահականորեն գեներացված հեռախոսահամարներից առանձնացնել գործող համարները և զանգահարել։ Ցանկի համարները սպառելուց հետո գեներացվել են լրացուցիչ հեռախոսահամարներ։ Արդյունքում իրականացվել է 7423 հեռախոսազանգ, որից հարցմամբ է ավարտվել 15%-ը: