Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար․ քարտեզագրում և կարիքների գնահատում

Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար․ քարտեզագրում և կարիքների գնահատում

Ամսաթիվ՝ 01-02-2019 - 01-01-2022
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` Խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամ
Ներգործության ոլորտ՝ Կարողությունների զարգացում Միգրացիա

Ծրագրի մասին

«Ֆինանսական գրագիտություն միգրանտների համար. քարտեզագրում և կարիքների գնահատում» հետազոտության իրականացման համար ձևավորվել է Համակարգման խորհուրդ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Խնայողական բանկերի  միջազգային համագործակցության հիմնադրամի և ՀՌԿԿ-Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդի ձևավորման նպատակն էր պարբերական հանդիպումների միջոցով տեղեկատվություն փոխանակումը, խորհրդատվական աջակցության ստացումը/տրամադրումը, հետազոտության իրականացման ընթացքում ի հայտ եկող մարտահրավերների քննարկումը և լուծումը։

Թիրախային խմբերի քարտեզագրման, ինչպես նաև միգրանտների՝  ֆինանսական գրագիտության տեսանկյունից կարիքների գնահատման, այդ գիտելիքի տրամադրման/հաղորդակցության առավել արդյունավետ ուղիների բացահայտման նպատակով կազմակերպվել է հիմնական շահակիցների կլոր սեղան քննարկում, որին մասնակցել են ինչպես պետական կառույցների (ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն, Միգրացիայի ծառայություն, Վիճակագրական կոմիտե), այնպես էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (Միգրացիայի միջազգային կազմակերպություն, Հայկական կարիտաս, Հայակական կարմիր խաչի ընկերություն):  Կլոր սեղան քննարկման ընթացքում հստակեցվեց, թե պետական և հասարակական կառույցները միգրանտների ինչ խմբերի հետ և ինչպես են աշխատում, ինչպիսի մարտահրավերների են հանդիպում այդ խմբերը հայտնաբերելու և կամ այս կամ այն, այդ թվում, ֆինանսական գագիտությանն առնչվող սեմինարների/դասընթացների տրամադրումը կազմակերպելու և իրականացնելու ընթացքում: Հետագայում կլոր սեղան քննարկման ընթացքում ստացված տեղեկատվությունն օգտագործվեց միգրանտների ընտրված թիրախային խմբերի հետ ֆոկուս խմբային քննարկումները կազմակերպելու և իրականացնելու համար:

Միգրանտների թիրախային խմբերի քարտեզագրման նպատակով ՀՌԿԿ-Հայաստանի թիմը մի շարք հանդիպումներ և քննակումներ է ունեցել պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես ՀՀ  միգրացիոն ծառայության  պետի տեղակալ Իրինա Դավթյանի, ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական ծառայության աշխատանքային միգրացիայի բաժնի առաջատար մասնագետ Ամալյա Ենոքյանի, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող  Վերադարձի և վերաինտեգրման Եվրամիության ծրագրի (ERRIN) խորհրդատու Անուշ Խանոյանի, «ՀԱԼԷՊ» հայրենակցական-բարեսիրական ՀԿ արտաքին կապերի և խորհրդատվական բաժնի ղեկավար Սարգիս Բալխյանի հետ:

Զուգահեռաբար իրականացվել է Հայաստանում միգրացիոն գործընթացների և դրանցում ներգգրավված բնակչության վերաբերյալ առկա հետազոտական և վերլուծական նյութերի երկրորդային վերլուծություն: