Տավուշում ներկայացվեցին բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները
Տավուշում ներկայացվեցին բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները
Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանի շենքում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում կայացավ «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի մի քանի տասնյակ այցելուները հնարավորություն ունեցան հանրամատչելի եւ ինտերակտիվ ձեւաչափով՝ մեծադիր պաստառների, անիմացված տեսաշարքերի, ինտերակտիվ քարտեզի միջոցով ծանոթանալ աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքներին ու մեթոդաբանությանը, ծրագիրն իրականացնող համընկերության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
Դեկտեմբերի 9-ին միջոցառման շրջանակում Տավուշի մարզի ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մարզային կառավարման մարմինների, կրթական, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք համայնքային մակարդակում բազմաչափ աղքատության հետ կապված խնդիրները՝ նպատակ ունենալով հղկել հետազոտություններով դուրս բերված առաջարկությունները եւ գաղափարներ հավաքագրել շահերի պաշտպանության գործողություններին ընդառաջ:
Դեկտեմբերի 13-14-ին ցուցահանդեսը կներկայացվի Վանաձորում, այնուհետեւ Գյումրիում եւ Երեւանում։
Միջոցառումների ընթացքի մասին կարելի է տեղեկանալ հետեւելով ֆեյսբուքյան միջոցառմանը:
Ցուցահանդեսը կյանքի է կոչվում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ջանքերով։ Ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը:
Որոշ ցուցանիշներ հետազոտությունից
– Ըստ Տավուշում, Լոռիում եւ Շիրակում բազմաչափ աղքատության վերաբերյալ համայնքային մակարդակում իրականացված հեազոտության՝ Տավուշի քաղաքային եւ գյուղական համայնքների տնային տնտեսությունների (ՏՏ) շուրջ 64, իսկ Իջեւանի տնային տնտեսությունների շուրջ 75.5 տոկոսը իրենց չեն կարող թույլ տալ օրը մեջ հավով, մսով, ձկով կամ համարժեք բուսակերային կերակուր ուտել։
– Մեկշաբաթյա տարեկան արձակուրդի մեկնել իրենց թույլ տալ կարող է մարզի գյուղական տնային տնտեսությունների միայն շուրջ 14, քաղաքային ՏՏ-ների շուրջ 18, Իջեւանի ՏՏ-ների շուրջ 15 տոկոսը։
– Տավուշում ավելի բարձր է նաեւ դրամական փոխանցումներից կախվածությունը։
– Տավուշի գյուղական ՏՏ-ների շուրջ 24 տոկոսը զրկանք կրող է տրանսպորտի հասանելիության առումով, ավելի քան 49 տոկոսը՝ աշխատաշուկայում մասնակցության առումով, առողջապահական ծառայությունների հասանելիության առումով՝ գյուղական ՏՏ-ների ավելի քան 37 տոկոսը։
– Միաժամանակ, լավ կրթություն ապահովելու հնարավորության բացակայությունը որպես հիմնական խնդիր է նշել մարզի գյուղական համայնքների բնակչության 40.5, քաղաքայինի՝ շուրջ 48, Իսկ Իջեւանի բնակչության ավելի քան 37 տոկոսը։
Հետազոտությունն անդրադառնում է նաեւ երեք մարզերի բնակչության բնակարանային պայմաններին, հանրային ծառայությունների որակին եւ բազմաչափ աղքատության այլ տիրույթներին:
Տվյալների ցուցահանդեսի բոլոր նյութերին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։