Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանն անկախ, անկուսակցական, ոչ կրոնական և տարածաշրջանային կենտրոնացմամբ հետազոտական հիմնադրամ է, որտեղ հետազոտությունն ապրում է, կապեր է հաստատում և խթանում է սոցիալական փոփոխություններ: Հիմնադրվելով 2003 թվականին՝ որպես ՀՌԿԿ տարածաշրջանային ցանցի մաս, Հիմնադրամը դարձել է Հայաստանի ամենավստահելի և ճանաչված ձայներից մեկը հասարակագիտական հետազոտությունների ոլորտում։
Հիմնադրամի առանցքային մանդատն ազգային և տարածաշրջանային մակարդակներում սոցիալ-տնտեսական և քաղաքական մարտահրավերներին արձագանքելն է՝ բարձրորակ տվյալների հավաքագրման, մանրակրկիտ վերլուծության և հետազոտական կարողությունների շարունակական բարելավման միջոցով: Մենք համատեղում ենք ակադեմիական գերազանցության սկզբունքները կիրառական ազդեցության հետ՝ ստեղծելով բաց և հասանելի տվյալներ, քաղաքականությունների համար օգտակար վերլուծություններ և բարձրակարգ գիտահանրամատչելի արդյունքներ։
Որպես հետազոտությունների և ռեսուրսների կենտրոն՝ Հիմնադրամը գիտնականներին, քաղաքականություն մշակողներին և հանրությանը տրամադրում է տվյալադարանների, հետազոտական զեկույցների և քաղաքականության համառոտագրերի անվճար և բաց հասանելիություն: Հիմնադրամի էկոհամակարգը ընդլայնվում է նաև տվյալներից անդին. այն ներառում է մեթոդաբանական և տեխնիկական կարողությունների զարգացում, համայնքների կառուցում, գաղափարների գեներացում և մասնագիտացված հարուստ գրադարան՝ հասարակագիտական և հումանիտար գիտությունների ավելի քան 2000 հրապարակումներով։
Հիմնադրամն իր ամենօրյա գործունեությամբ միտված է խթանել թափանցիկ, էթիկական և նորարարական հետազոտությունների մշակույթը՝ առաջ մղելով գիտելիքահեն կառավարումը և ամրապնդելով հասարակական գիտությունների դերը ժողովրդավարական բարեփոխումների գործում՝ թե՛ Հայաստանում և թե՛ Կովկասյան տարածաշրջանում։
Մեր առաքելությունը երկու բաղադրիչ ունի․
Մեր տեսլականն է ունենալ Հայաստան, որտեղ որոշումները կայացվում են տվյալների հիման վրա, հաստատությունները սոցիալական վստահություն են վայելում, իսկ քաղաքացիական մասնակցությունը կառուցված է համերաշխության և գիտելիքների փոխանակման շուրջ։ Մենք պատկերացնում ենք մի հասարակություն, որտեղ հետազոտություններն ու տվյալները հանրային կյանքի անբաժանելի մասն են և օգնում են ձևավորել առավել արդար քաղաքականություն, ավելի ուժեղ հաստատություններ և ավելի բաց, ժողովրդավարական մշակույթ։
Մեր գործունեության հիմնական նպատակը Հայաստանի քաղաքական, հասարակական և գիտական ոլորտների համար ապահովել որակյալ, փաստահեն և անկողմնակալ հետազոտական տվյալների մատչելիություն՝ խթանելով արդյունավետ և պատասխանատու որոշումների կայացումը։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ-ներ) միասին կազմում են հետազոտական, ռեսուրսների և կրթական կենտրոնների տարածաշրջանային ցանց, որը հիմնադրվել է 2003 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում: Ցանցը ստեղծվել է Հարավային Կովկասում հասարակագիտական հետազոտությունների և հանրային քաղաքականության վերլուծության ամրապնդման առաքելությամբ: ՀՌԿԿ-ները հիմնադրվել են Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ: 2013 թվականին ՀՌԿԿ-Հայաստանը գրանցվել է որպես անկախ, ոչ առևտրային կազմակերպություն (Հիմնադրամ)՝ պահպանելով նույն լայն նպատակները, ուշադրության առանցքները և տարածաշրջանային համագործակցության նկատմամբ հանձնառությունը։
Կուտակելով ավելի քան 23 տարվա փորձ՝ հիմնադրամը հետազոտողներին, կառավարություններին, դոնորներին, ՀԿ-ներին, մասնավոր հատվածի գործիչներին և լայն հանրությանը տրամադրում է հուսալի տվյալներ և Հայաստանն ու Կովկասյան տարածաշրջանը ձևավորող կարևոր միտումների մանրակրկիտ վերլուծություն: Մեր աշխատանքը ներառում է հետազոտություններ, համայնքների կառուցում, կարողությունների զարգացում և գաղափարների գեներացում, որոնք հիմնված են փորձարկված մեթոդաբանությունների և սոցիալապես արդիական մոտեցումների վրա։
Ավելի քան երկու տասնամյակի գործունեության ընթացքում ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն իրականացրել է 150+ հետազոտական և կարողությունների զարգացման նախագծեր՝ ստեղծելով ավելի քան 500 ԳԲ տվյալներ և զգալիորեն նպաստելով Հայաստանում տվյալահեն քաղաքականության մշակույթին։ Հիմնադրամը ներգրավել է ավելի քան 300 կրթաթոշակառուների, գիտնականների, փորձնակների և կամավորների՝ նրանց համար ապահովելով հմտությունների զարգացման, ցանցային կապերի հաստատման և գիտելիքների փոխանակման հնարավորություններ։ Մեր ազդեցությունը տարածվում է թեմատիկ լայն շրջանակի վրա, ներառյալ կրթությունը, առողջությունը և ապահով կյանքը, գենդերը և սեռականությունը, կառավարումը և հանրային քաղաքականությունը, տնտեսությունն ու միգրացիան, խաղաղությունը և կոնֆլիկտները, երիտասարդությունը, մշակույթը և ինքնությունը, միջավայրը և տարածությունը, տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանությունը և բարեկեցությունը, զարգացումը, մեդիան և հաղորդակցությունը։
2025 թվականի դրությամբ հիմնադրամը Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների և հետազոտական կարողությունների զարգացման անկյունաքարային կառույց է և Հարավային Կովկասում տվյալահեն գիտելիքները խթանող առաջատար տարածաշրջանային հաստատություն։ ՀՌԿԿ-Հայաստանի ինստիտուցիոնալ կայունությունը և անընդհատ վերաձևավորվող ֆինանսավորման լանդշաֆտի նկատմամբ դիմադրողականությունը վկայում են դոնորների և գործընկերների կողմից մեզ տրված վստահության, ինչպես նաև փոփոխվող համատեքստերում հարմարվելու, նորարարություններ անելու և սովորելու մեր ունակության մասին։ Հիմնադրամի անկախությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը, բարձր էթիկական գործունեությունը և թափանցիկ կառավարումը, որոնք հենված են գործընթացների կառավարման խելացի ենթակառուցվածքի վրա, ընդգծում են մեր կարևորությունը հատկապես անկայունության և քաղաքացիական տարածքի նեղացման դարաշրջանում, որտեղ անկախ հետազոտությունների ձայնը երբեք ավելի կենսական չէր կարող լինել։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տարածաշրջանային գրասենյակի հիմնում
ՀՌԿԿ-ի հայաստանյան գրասենյակի բացում՝ որպես ՀՌԿԿ ցանցի մաս
Առաջին տարածաշրջանային մեթոդաբանական դասընթացի անցկացում
Կամավորության ծրագրի մեկնարկ
Կովկասյան բարոմետրի առաջին տարին
«Միջազգային արժույթի հիմնադրամն ու Հարավային Կովկասը 21-րդ դարում» տարածաշրջանային գիտաժողով
Առաջին դրամաշնորհային ծրագիրը (Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի ֆինանսավորումից զատ)՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունից
Առաջին հետազոտությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար
Առաջին հետազոտական ծրագիրը Եվրամիության համար
Առաջին հետազոտական ծրագիրը Ազգային ժողովրդավարության ինստիտուտի համար
Արժեքների համաշխարհային հետազոտությունը Հայաստանում
Առաջին հետազոտությունը Համաշխարհային բանկի համար
ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ստեղծում՝ որպես անկախ կազմակերպություն
Համագործակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման շուրջ
ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի մեկնարկ
«ՀՀ-ում սիրիահայերի տնտեսական ինտեգրումը» կարիքների գնահատում և տվյալադարանի ստեղծում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համար
Ծրագրի առաջին ամբողջական գնահատում Ավստրիական զարգացման գործակալության համար
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ Հայաստան վերադարձից հետո առաջին համատեղ ծրագիրը
Առաջին Think Tank ֆորումը
Քովիդ-19 համավարակի մասին առաջին հանրայնորեն հասանելի կամավոր հիմունքներով հետազոտությունը Հայաստանում
ՀՌԿԿ-Հայաստանը՝ ԵՄ աջակցությամբ 3-ամյա ծրագրի համընկերության ղեկավար
ՀՌԿԿ ներքին կառավարման նոր համակարգի հիմնադրում
Կազմակերպական նոր կառուցվածք և ղեկավար կազմ
Անցում ծրագրային կառավարումից դեպի գործընթացային կառավարման
Դաշտային աշխատանքների բարեփոխման համապարփակ ծրագրի մեկնարկ
Նոր գրասենյակ
Ինստիտուցիոնալ զարգացման դրամաշնորհ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի կողմից և նոր բիզնես մոդելների փորձարկում
Խառը մեթոդներով հետազոտական թիմի ստեղծում, դաշտային աշխատանքների նորարար լուծումների համալիր գործարկում և ներքին գործընթացների ենթակառուցվածքի հիմնում